Ո՜վ գիտե` քանի հազարամյակ է ապրել կամ քանի տարեկան է այս գեղատես, բնական թավշյա գորգը, որի անունը մամուռ է` մամռագորգ, թելամամուռ, գորտնախալի, ջրիմուռ, քարաքոս։
Նա, որ աճում է հողի, ժայռերի, ծառերի, շինությունների վրա, քաղցրահամ ջերերում, այնտեղ, որտեղ հենման կետ կգտնի։
Զարմանալի է` հենման կետ։
Ես նրանց տեսել եմ հինգհազարամյա Քարահունջի ժայռակոփ` «Զօրաց քարեր»-ի լանջերին ձուլված։
Տեսել` մեր սարերի թավուտ անտառների դարահասակ, մոռացված քարերին` ոսկեգույն, դեղնակարմիր, կանաչ։
ՈՒ ոսկեմամուռ այդ քարերը հեքիաթ են պատմել ինձ, հեքիաթ` պատմության, ժամանակի, դարերի։
Ես նրանց տեսել եմ մեր անտառների հաստաբուն ծառերի` հողից դուրս եկած, ոլորուն արմատներին, բնին ու անտառի փեշերին` հողին մերձ։
ՈՒ թվացել է, թե կանաչ մամուռն իր փափուկ ծածկոց-թևերը փռել է մեր հանդերի խոնավ անտառների ստվերոտ ու կիսաստվերոտ տարածքներում` թավշյա ծածկոց հյուսելով խոնավ հողին,
Վերմակ-մամռածածկույթ, որ մենք փափուկ տեղերով քալենք մեր անտառների խոր խորքերում, որ «ոտներս քարին չգա»։
Ես նրանց տեսել եմ մեր բարձրահասակ հաճարենիների կոշտ տերևների դարձերեսին` թաքնված, կուչ եկած` անսովոր սիրուն կարմիր, այնքա՜ն թավիշ` ասես տերևի նրբահյուս գորգ, անձեռակերտ հրաշք։
ՈՒ այնքա՜ն գունեղ։
Ես նրանց տեսել եմ դանդաղաշարժ ջրերի վրա` ալիքների արձակ գրկում` թեթևասահ պար բռնած, ջրերին օրոր ասելիս։
Ես նրանց տեսել եմ խոնավ հողերի եզրաշերտերի ճմբներին` թել-թել կախված` կանաչ հյուսկեն վարագույրի պես։
Ես տեսել եմ նրանց արցունքը` կախված Վահագն Դավթյանի տողից. «Մամուռի արցունքը` հրա՜շք»։
Եվ գիտեք ո՞րն է բնությանը ձուլված այդ ակնահաճո բույսերի երկարակեցության գաղտնիքը. նրանք իրենք են իրենց կերակրում, ինքնասուն են, իրենք են իրենց տերը։
Որքա՜ն բան ունենք սովորելու նրանցից։
Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Հ.Գ.
Լուսանկարը` Քարահունջում։